Գարեգին Նժդեհին նվիրված երեկո Տյումենում

«Ես հավատում եմ հայ հոգու մեծությանը, և  վիպական  չէ  իմ հավատը։ Դա արդյունք է հարուստ կենսափորձի։ Հայ մարդուն տեսել ու ճանաչել եմ մարտերում, տեսել ու վայելել գեղեցկությունը նրա արիական խոյանքների։ Հայը միշտ էլ հերոսագործվում է, երբ նրա առաջնորդներին հաջողվում է հավաքական սիրտ ստեղծել»։

Գարեգին Նժդեհ

Հիմա՝ տասնամյակների հեռավորությունից, երբ փորձում ես հասկանալ ժամանակի շունչն ու «կռիվները», մի տեսակ սարդոստայնի մեջ ես հայտնվում։ Այնքան շատ են հարցերն ու օդում մնացած պատասխանները, որ երբեմն ուզում ես փակել ականջներդ՝  խլացնելու համար քո իսկ ձայնը, լռության ձայնը։ Բայց մի՞թե դա ճիշտ է։ Մի՞թե ժամանակին էլ այդպես չեն վարվել շատ-շատերը, որոնք կարող էին ազատ լինել, կարող էին դուրս գալ ստրուկի հոգեբանություն-շապիկից՝ գոնե մեկ արդար գործ անելու համար, գոնե մեկ հույժ կարևոր կյանք փրկելու համար, գոնե մեկ օր սեփական ժողովրդի վաղվա օրվա մասին մածելու և ոչ թե սեփական կաշին փրկելու համար։

Կան հարցեր, որոնց պատասխանը երբեք էլ չի կարող գոհացնել այսօրվա մարդուն, որը, փառք Աստծո, ազատված է գաղափարական շղթաներից։ Կան վերքեր, որոնք երբեք էլ  չեն  սպիանա, քանի որ վերքերը հաճախ ինքնաբորբոքման հակում ունեն, առավել ևս, երբ սպեղանին ժամկետանց է։

Երբեք չեմ կարողանա հասկանալ ու ընկալել մարդու այն տեսակը, որը վստահ է, որ վաղը գլուխը կախելու է ո´չ միայն մարդկանց, այլև պատմության առջև։ Եվ արդյո՞ք արժե ժամանակավոր դիրքի համար փորձել տեղաշարժել ժայռը․․․ Ժայռը, որն իր տեղում է լինելու՝ անկախ իր գլխին նստած սև ու մութ ամպերի խտությունից  և փոթորիկների ուժգնությունից։

Երբեք չեմ կարողանա հասկանալ՝ ինչպես կարելի է ապրել առանց հերոսների։ Չէ՞ որ հերոսներով մենք դաստիարակվում ենք, նրանցով առաջնորդվում ու ինքնամաքրվում ենք։ Ինչպե՞ս կարելի է տասնամյակներ շարունակ կոկորդ պատռելով համոզել մարդկանց, որ նրանք, ովքեր իրենց զենք-զրահով, հոգով ու սրտով պայքարել են, որ մենք մեր մի բուռ հայրենիքի տերն ու տիրակալը մնանք, ազգի անարժան զավակներն են։ Եվ ինչքան ուժեղ են եղել այդ զավակները, որ անգամ այդ պարագայում ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՈՒ ՀԱՅ են մնացել։

«Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր», ասել է Գարեգին Նժդեհը:

Յուրաքանչյուր հայի, այն էլ՝ անմնացորդ հայրենասերի համար անչափ դժվար է հայի այս տեսակի ընկալումն ու ընդհանրացումը։ Բայց մի՞թե ճշմարտությունը հենց սա չէ․ միշտ էլ մեր մեջ գտնվել են դավաճանողներ, մատնողներ, հանձնողներ, դռներ ու դարպասներ բացողներ․․․ Իսկապես, սա  է մեր ազգի ամենամեծ դժբախտությունը։ Եվ այսօր մեզնից յուրաքանչյուրն իրն ուսերին դրած ծանր բեռ ունի․ մեր ուժերի չափով կարողանալ հասնել նրան, որ մեզ հետ միասին քայլող սերունդը չվախենա դժվարություններից  և չընտրի դրանցից ազատվելու ամոթալի եղանակները, առավել ևս, երբ  նժարին պետք է հայրենիքն ու հայրենասիրությունը լինեն։

Ապրիլի 28-ին ՌԴ Տյումեն քաղաքի մշակույթի կենտրոնում «Ճանաչենք մեր հերոսներին» խորագիրը կրող զրույց-քննարկում էր։ Սեղանի շուրջ էին հավաքվել տարբեր սերունդների մի խումբ ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրն իր ներսում ուներ Նժդեհի ի՛ր տեսակը։

Հայոց պատմության ամենանվիրարական անուններից է Նժդեհը՝ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանը, պետական, քաղաքական ու ռազմական մեծ գործիչ, փիլիսոփա ու ազգային-ազատագրական շարժման գաղափարախոս։

Այո՛, այդ օրվա հերոսը Նժդեհն էր, որը յուրաքանչյուր հայի արժանապատվության կրողն է, ներքին ձայնն է, հպարտությունն է։

Քննարկումը կազմակերպել էին մշակույթի կենտրոնի ուսուցիչները։ Ներկան էին և՛ աշակերտներ, և՛ համայնքը ներկայացնող մի խումբ երիտասարդներ, և՛ այն սերնդի ներկայացուցիչներ, որոնք տարիներ շարունակ ժխտել են Նժդեհ-հայրենասերի կերպարը։ Մի տեսակ սերունդների ու տեսակետների խաչմերուկ էր հիշեցնում մեր սեղանը, որի շուրջ հավաքվել էինք։ Խոսեցինք Նժդեհի կենսագրությունից,  նրա անցած ռազմական ուղուց, ընտանիքից, նրա գաղափարներից ու արտահայտած հանճարեղ մտքերից, նրա գերեզմանի ոդիսականից։ Հնչեցին Նժդեհին նվիրված երգեր, իսկ էկրանին ժամանակ առ ժամանակ երևում էին կադրեր ֆիլմից, ինչն ավելի ամբողջական էր դարձնում մեր հերոսի կերպարը։

Այստեղ՝ դրսում ապրողներիս համար նմանատիպ միջոցառումներն ու քննարկումները շատ կարևոր են։ Հանդիպումն ավարտեցինք Նժդեհի հետևյալ մտքով, որը պետք է Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայի ամենօրյա պատգամը լինի․ «Ավելի լավ է հայ մարդը համր լինի, քան կամովին օտարախոս»։

Անի Կիրակոսյան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

Scroll Up