Ժողովրդական երգիչ Գևորգ Չաքմանյանը դիրքերում երգել է զինվորների համար

Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում 2017 թվականի նոյեմբեր 24-ին տեղի էր ունեցել ժողովրդական երգիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գործող «Կանթեղ» և «Տարոն» աշուղական երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Գևորգ Չաքմանյանի «Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով համերգը: Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելու  համար իրենց կյանքը զոհած հերոս տղաների հիշատակին  և նրանց ընտանիքների համար կազմակերպված երեկոյի ընթացքում Գևորգ Չաքմանյանը խոստացել էր, որ այսուհետև ամեն տարի համերգային ծրագրերով լինելու է Հայաստանում և Արցախում:

Խոստման համաձայն՝ երգիչը հոկտեմբեր ամսին կրկին Հայաստան եկավ, նույն համերգասրահում մեկտեղեց հերոս տղաների ծնողներին և հարազատներին՝ իր երգերի կատարումներով նրանց կտրելով առօրյա հոգսերից և ինչ-որ չափով փարատելով անամոք վիշտը: Չնայած ծնողների հուզմունքին՝ Գևորգ Չաքմանյանին հաջողվել է իր կատարումներով նրանց ժպիտներ պարգևել և շուրջպարի հրավիրել:

Ի դեպ, երգիչը Հայաստանում գտնվելու օրերին այցելում է քաջորդիների մայրերին և զրուցում նրանց հետ:

Համերգային հաջորդ կանգառը եղել է Արցախը: Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կայացած համերգից առաջ երգիչը նախ այցելել է Արցախի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն և հանդիպել միության նախագահ Վերա Գրիգորյանին՝ կարևորելով նրա կողմից տարվող հետևողական աշխատանքը և օգնությունն անհայտ կորած ազատամարտիկների հարազատների հանդեպ: Երգիչը հասցրել է լինել նաև Արցախի ազատամարտիկների միությունում:

Սահմանամերձ գոտիներից Գևորգ Չաքմանյանն առաջին համերգն ունեցել է Տավուշի մարզի Մովսես գյուղի Մշակույթի տանը, ապա տոնական օր է պարգևել բաղանիսցիներին: Բաղանիսում ծանոթացել է Կոթիի Մշակույթի պալատի տնօրենի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել հաջորդ տարի Կոթիում և Ոսկեպարում համերգներ կազմակերպելու մասին:

«Հետագայում որոշել եմ ելույթներ ունենալ սահմանամերձ բոլոր գյուղերում, քանի որ ամեն անգամ համոզվում եմ, որ կրակահերթերի տակ ապրող, բազում դժվարություններ հաղթահարող այնտեղի բնակիչներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել և բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերել»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Չաքմանյանը՝ ընդգծելով, որ Բաղանիսում զինվորականի ուղեկցությամբ գնացել է առաջնագիծ, զրուցել տղաների հետ, նրանց պատրաստած սուրճը խմել և նկատել, թե մեր խիզախ զինվորները թշնամու դեմ կռվելու որքան մեծ պատրաստակամություն և բարձր մարտական ոգի ունեն:

Զրույցի վերջում Գևորգ Չաքմանյանը խոսելով ստեղծագործական հետագա աշխատանքների մասին՝ տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է բեմական կյանքի 25-ամյակին նվիրված ամփոփ տեսաֆիլմի նկարահանումները, որի առանցքում նրա մասին խոսում են հայ անվանի արվեստագետներ՝ երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, դերասանուհի Ժենյա Ավետիսյանը, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը և շատ ուրիշներ: Երգիչը հասցրել է նկարահանել նաև լուսահոգի երգչուհի Օֆելյա Համբարձումյանին և պարուսույց Վանուշ Խանամիրյանին:

Գևորգ  Չիչյան

 

Scroll Up