Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները չեն մոռանում սահմանամերձ Չինարին

Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի Սոչիի տարածաշրջանային բաժանմունքի նախագահի տեղակալ Մարկոս Քեսյանը և Խոստայի շրջանի բաժանմունքի նախագահի տեղակալ, գործարար Վալերի Մուրադյանը տարեվերջին կրկին Հայաստան էին եկել՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով այցելելու Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ նվերներ հանձնելու, ինչպես նաև շնորհավորելու և ուրախացնելու բնակիչներին: Մարդասիրական այս քայլով նրանք ցույց են տալիս, որ, ապրելով Հայաստանից հեռու, մտահոգ են սահմանամերձ գյուղերի բնակիչների համար և կիսում են նրանց դժվարությունները:

Դեկտեմբերի 29-ին Մարկոս Քեսյանն ու Վալերի Մուրադյանը, այցելելով սահմանամերձ գյուղ, դպրոցի առաջին դասարանցիներին հանձնել են բջջային հեռախոսներ, ավարտական դասարանի աշակերտներին և նրանց  դասղեկներին՝ ուղեգիր` 2018 թվականի ամառային տասնհինգօրյա հանգիստը Սոչիի Խոստա ծովափնյա քաղաքում անցկացնելու նպատակով, իսկ երևանյան բուհերում սովորող  սույն դպրոցի երեք շրջանավարտների վարձավճարները ևս կփոխանցի համայնքը:

Գյուղի հրապարակում տեղի ունեցած տոնական միջոցառմանը, որին ներկա են եղել Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, գյուղի բնակիչներ, ուսուցիչներ և այլ հյուրեր, օրհնության խոսք է ասել Տավուշի մարզի Բերդ քաղաքի և Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցել է նախարարության Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Էդգար Հովսեփյանը, հնչել են ազգային երգ ու պար, որն ավելի է բարձրացրել ներկաների տրամադրությունը:

«Չինարեցիները, ինչպես միշտ, մեզ գրկաբաց ընդունեցին: Առհասարակ, շատ ենք կապվել այս գյուղի ազնիվ բնակիչների հետ, կարծես՝ հարազատներ լինենք, անհամբերությամբ սպասում ենք միմյանց հանդիպելուն: Ձմեռ պապի դերում այս տարի նույնպես Վալերի Մուրադյանն է եղել, ում հաջողվեց երեխաներին ժպիտներ ու ջերմություն պարգևել»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Մարկոս Քեսյանը՝ նշելով, որ այցելությունից հետո տարեմուտի նախաշեմին հոգեպես իրենց հանգիստ են զգում:

Վալերի Մուրադյանն անդրադարձավ նաև Չինարի այցելության նախապատմությանը. «2014 թվականին Հայաստանում դպրոցական օլիմպիադաներում հաղթած հինգ աշակերտների ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով ամառային արձակուրդներին հրավիրել էինք Սոչիի ծովափնյա Խոստա քաղաք, որոնց մեջ Չինարիից Ազիզ Մակարյան անունով աղջիկ կար: Երբ մի երեկո զրույցի ընթացքում երեխաներին հարցրեցի, թե ապագայում ինչ մասնագետ են ուզում դառնալ, Ազիզը հաստատակամորեն ասաց՝ որոշել է դիպուկահար դառնալ՝ թշնամու կրակոցները սաստելու և վրեժխնդիր լինելու համար, քանի որ այլևս չեն կարողանում հանդուրժել նրանց անհարկի ոտնձգությունները:

Տեսնելով հուզված աղջնակի հոգեվիճակը՝ շատ ազդվեցի և ինձ մոտ միանգամից միտք հղացավ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Չինարի գյուղ այցելել»:

Վալերի Մուրադյանը նաև ընդգծեց, որ երրորդ անգամ այս առաքելությամբ չինարեցիներին հյուր գալուց հետո, վստահաբար, ամեն տարի շարունակական են լինելու այցելությունները, քանի որ սահմանամերձ գյուղում թշնամու կրակահերթի տակ ապրող մարդկանց, հատկապես՝ երեխաներին, պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահել:

Հավելենք նաև, որ միջոցառման ավարտից հետո ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները գնացել են Չինարիի միջնակարգ դպրոց, շրջել դասարաններով և ծանոթացել Սոչիի հայկական համայնքի հովանավորությամբ հիմնանորոգված դպրոցում իրականացված աշխատանքների արդյունքին:

Գևորգ Չիչյան

  

  

Scroll Up