«Ինձ թևեր են տալիս հայկական ոգին ու հայի հպարտությունը».Սարգիս Վահագն

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը բեյրութահայ, այժմ ամերիկաբնակ գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնն է (Սարգիս Փաթափության), ով տարիների անխոնջ աշխատանքով նպաստել է Սփյուռքում հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը, Հայաստան-Սփյուռք փոխգործակցության զարգացմանը:

Արվեստագետ-գրողը վերջերս մասնակցել է նաև «Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև» խորագրով Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների վեցերորդ համաժողովին:

Որպես սկիզբ

Սարգիս Վահագնի հրատարակած գործերից են՝ «Մատանիներ» (1969 թ., Բեյրութ), «Արմատներ» (1981 թ., Երևան),  «Տագնապը» (2000 թ. Լոս Անջելես) պատմվածքների ժողովածուները, «Նաիրյան մորմոք» (1982 թ., Բեյրութ), «Աշոտ Ողորմած» (1991 թ., Լոս Անջելես) թատերգությունները, «Արշիլ Գորկի» (2004 թ. Լոս Անջելես) վեպը և այլն: 2007 թ. ֆրանսերենից թարգմանել և հրատարակել է Շահան Շահնուրի ամբողջական բանաստեղծությունները՝ «Շուրջը ոչինչ» խորագրով:

2008 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բն Սարգիս Վահագնին պարգևատրել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանով, 2017թ. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Գրականությանը զուգահեռ հետաքրքրություն է ցուցաբերել կինոյի և թատրոնի նկատմամբ: 1958-1959 թթ. Բեյրութում հրատարակել է Սփյուռքի պատմության մեջ աննախադեպ երևույթ համարվող «Նոր Սինեմա» արվեստի պարբերագիրքը։

-Պարո՛ն Վահագն, որտեղի՞ց են գալիս Ձեր արմատները:

-Ծնվել եմ 1927 թ. հոկտեմբերի 7-ին Բեյրութում, հայրս Նոր Հաճնից է եղել, մայրս՝ Շապին-Գարահիսարից: Նախնական կրթություն ստացել եմ «Աբգարեան» և «Սահակեան» վարժարաններում, ապա երկրորդական ուսումը շարունակել եմ Բեյրութի ֆրանսիական «Լիսե» վարժարանում, որն ավարտել եմ 1945 թ.՝ առևտրի և հաշվապահության գծով:

 Մինչև 60 տարեկան ապրել եմ Լիբանանի Բուրջ Համուդ հայկական թաղամասում, որտեղից էլ սկսել եմ գրական կյանքս: 1950-ական թվականներից անդամակցել եմ գրական և մշակութային տարբեր միությունների, մասնակցությունն եմ բերել Բեյրութում «Գրական շրջանակ»-ի կազմավորման և հետագա գործունեությանը, որտեղ եղել եմ վարչության անդամ, հանդես եմ եկել դասախոսություններով:

«Գրական շրջանակ»-ի կազմում ընկերներով «Մշակույթ» ամսագիրը հրատարակեցինք՝ հմտանալով նաև խմբագրի մասնագիտության մեջ:

Ստեղծագործություններս հետզհետե լույս տեսան «Մշակույթ», «Լուսաբեր», «Նոր Գիր», «Անի», «Շիրակ», «Գարուն», «Նավասարդ», «Համայնապատկեր» և «Առագաստ» գրական ամսագրերում: 1960-ական թվականների կեսերից պարբերաբար աշխատակցել եմ «Շիրակ» ամսագրին, ապա մոտ տաս տարի եղել եմ ամսագրի խմբագրական կազմում՝ ղեկավարելով միջազգային գրականության բաժինը։

-Գրական, թարգմանչական, խմբագրական բեղուն գործունեություն եք ծավալել: Ինչպե՞ս մուտք գործեցիք այդ աշխարհ:

-Հայրենիքն իմ ընտանիքի, գաղափարակից ընկերների համար երազ է եղել, երջանկությունը Հայաստանով պետք է սկսեր և վերջանար մեզ համար: Բոլորս միշտ մտածել ենք Հայաստանի պաշտպանության և զարգացման համար:

Հայրիկիս մահից հետո, դժբախտաբար, իմ հայրենադարձվելը չստացվեց: Մոտ 20 տարեկան էի, երբ մեկ գիշեր անցկացրի ներգաղթի գրասենյակի առջև, որպեսզի առավոտյան ինձ թույլատրեին հայրենիք գնալ, սակայն բոլոր ջանքերս ապարդյուն էին. գրասենյակի աշխատակիցներից մեկը  հարցրեց, թե որտեղ են ծնողներս, և իմանալով, որ հայրս մահացել է, նա ասաց՝ հետ վերադառնամ, մայրիկիս մենակ չթողնեմ, որ դեռ  շուտ է հայրենադարձվելու համար:

Այդ ամենից հետո հանկարծ գլխումս միտք ծագեց, որ Հայրենիքը պաշտպանելու, հայրենասիրական ոգի արթնացնելու լավագույն միջոցներից մեկը նաև գրականությունն է:

Այդ գաղափարն ինձ համար առաջին և կարևոր մղիչ ուժը դարձավ: Սկզբում հայրենասիրական թեմայով բանաստեղծություններ գրեցի, հետո անցա արձակի ժանրին, որը մարդու ներաշխարհը պեղելու ավելի լայն հնարավորություն է տալիս:

՞րբ եք առաջին անգամ Հայաստան այցելել  և ի՞նչ առիթով:

-1970 թվականին՝ «Մատանիները» գիրքը հրատարակելուց հետո, ապա 1989թ. Գրողների միության համագումարին մասնակցելու նպատակով եկա: Սկսեցի այցելություններս Հայաստան հաճախակի դարձնել աղջկաս հանդիպելու պատճառով. նա այդ ժամանակ սովորում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Անկախացումից հետո Հայաստանում երրորդ անգամ եմ լինում:

Լիբանանում տիրող ներքին պատերազմական իրավիճակի պատճառով  մենք հարկադրված տեղափոխվեցինք ԱՄՆ: Որքան էլ փորձեցինք տոկալ, բայց, այնուամենայնիվ, վճռական քայլ պետք է կատարեինք: Մինչ այդ հասցրել էի Բեյրութում «Նաիրյան մորմոք» պիեսը գրել: ԱՄՆ-ում հաստատվելուց հետո երկրորդ պիեսը «Աշոտ Ողորմած»-ը դարձավ, որը, ցավոք, առ այսօր չի բեմադրվել, սակայն դրվատանքի խոսքեր եմ լսել այդ աշխատանքիս մասին: Հրատարակել եմ նաև պատմվածքներիս երրորդ հատորը՝ «Տագնապը»:

Այդ ընթացքում մտորումներիս մեջ ամերիկահայ ճանաչված նկարիչ Արշիլ Գորկին էր (Ոստանիկ Ադոյան): Սկսեցի նկարչի մասին տեղեկություններ հավաքել, գնալ նրա այցելած  քաղաքները՝ Նյու Յորք. Սան-Ֆրանցիսկո և այլն, նույնիսկ ինքնասպանության վայրում եղա: Փաստագրական շատ նյութեր հավաքելով՝ գրեցի «Արշիլ Գորկի» վեպը, որն արժանացել է Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության գրական և «Հայկաշեն Ուզունյան» մրցանակներին։

-Ձեզ ստեղծագործական ճախրանքի, ոգեշնչման համար ի՞նչն է թևեր տալիս:

-Հայկական ոգին ու հայի հպարտությունը, մեկ բառով ասած՝ Հայրենիքը: Մենք Հայրենիքը սիրեցինք առանց նախապայմանների, քանի որ այն մերն է, մեր էության մի մասնիկը: Իմ ստեղծագործական գործունեության առանցքում հայության դրվատանքը, հայապահպանությունն ու հայի արմատները փորփրելն է:

Իմ կյանքում մեծ է նաև կնոջս՝ Հայկուհու դերակատարությունը: Նա միշտ կողքիս է գտնվել, խորհուրդներ տվել՝ քաջալերելով բոլոր նախաձեռնություններում: Ի դեպ, նա ուսուցչուհի և երկար տարիներ դպրոցի տնօրեն է եղել:

-Ձեր ամփոփ պատասխանն ինձ մոտ նոր հարց առաջացրեց. ասացե՛ք, խնդրեմ, ո՞րն է, ըստ Ձեզ, հայերի դերն աշխարհում:

Հայերի դերն աշխարհում լույս տարածելն է: Այնտեղ, որտեղ հայերը հաստատվել են, արարել են ու շենացրել: Բոլորս էլ գիտենք, որ արվեստի, գրականության և այլ բնագավառներում նշանավոր շատ դեմքեր ունենք, ովքեր աշխարհահռչակ անձնավորություններ են դարձել:

Երբ խելացի հայ երիտասարդների եմ հանդիպում, անմիջապես զգում եմ, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է գտնվում: Կինս էլ այդ կարծիքին է. նա միշտ ասում է, որ հայ երիտասարդներն են փոխելու Հայաստանի ապագան:

-Պարո՛ն Վահագն,  սիրելի բանաստեղծներ ունե՞ք:

-Անվարան կարող եմ ասել, որ իմ սիրելի բանաստեղծներից են Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը, Վահան Տերյանը, Վահագն Թեքեյանը, Միսաք Մեծարենցը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն: Միշտ ընթերցում եմ Եղիշե Չարենցի ու Վահան Թեքեյանի ստեղծագործությունները:

Հարկ եմ համարում ասելու՝ Վահան Թեքեյանն առաջինը հստակ բնորոշեց Հայաստանի խորհրդայնացումը, իսկ Եղիշե Չարենցը փոթորիկ է: Նրա «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ամեն մի տողը հոգեցունց է:

-Ծանրաբեռնված աշխատանքից հետո  լավագույն հանգստի, լիցքաթափման միջոց ի՞նչն է հանդիսանում: Նախասիրություններ ունե՞ք:

-Շատ եմ սիրում նկարչությամբ զբաղվել, քանի որ այդ միջոցով լիովին հանգստանում եմ և թոթափում հոգնածությունս: Վրձնում եմ բնանկարներ, ծաղիկներ:

Նախասիրություններիցս է նաև խոհարարությունը. լիբանանյան, հայկական համեղ ուտեստներ եմ պատրաստում, որոնք ընտանիքիս անդամներն ու ընկերներս շատ են հավանում:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Scroll Up