«Ադանա» հայ համայնքի ներկայացուցիչն այցելեց Սփյուռքի նախարարություն

Նոյեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Դոմոդեդովոյի տարածաշրջանի նորաստեղծ «Ադանա» հայ ազգամշակութային համայնքի կանանց խորհրդի նախագահ Հռիփսիմե Համբարյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց նորաստեղծ համայնքի՝ հայապահպանությանն ուղղված նախաձեռնությունները, կազմակերպվածությունն ու համախմբվածությունը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ համայնքում հայապահպան ակտիվ գործունեություն եք ծավալել, ինչի վկայությունը նաև նորաբաց կիրակնօրյա դպրոցն է, որի աշակերտների թիվն ամեն կիրակի ավելանում է: Մենք սիրով կտրամադրենք լրացուցիչ դասագրքեր, որքան, որ անհրաժեշտ է: Երեխաները, երիտասարդները պետք է հայերեն սովորեն ու խոսեն: Եկեղեցին, դպրոցը պետք է աշխատեն այդ ուղղությամբ: Կարևոր են ազգային ինքնության և  լեզվի պահպանությունը: Հայության, հայ ինքնության ողնաշարը լեզուն է: Երեխաներին պետք է հայերեն սովորեցնել՝ երգ ու պարի, խաղերի միջոցով: Այդպես պահպանվում է ոչ միայն լեզուն, ազգային ավանդույթները, այլև հայկական միջավայր է ստեղծվում»:

Հռիփսիմե Համբարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացնելով կատարած աշխատանքները, ձեռքբերումներն ու նոր ծրագրերը՝ շեշտեց. «Սիրով ուզում եմ հրավիրել Ձեզ մասնակցելու «Ադանա» հայ ազգամշակութային համայնքի բացման հանդիսավոր արարողությանը և «Հայաստան՝ սեր առաջին հայացքից» խորագրով ցուցահանդեսին: Համայնքը նախատեսել է միջոցառումների հարուստ ծրագիր, և մենք կարևորում ենք Հայաստանի ներկայությունն ու մասնակցությունը հանդիսություններին»:

Քննարկվեցին նախարարության ծրագրերին համայնքի առավել ակտիվ մասնակցության, հետագա համագործակցության և կազմակերպական հարցեր:

Scroll Up